Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։
Տարածաշրջանային բոլոր ուժերը սպասման մեջ են՝ պատրաստ իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր սցենարների՝ մինչև ամենավատը, լայնածավալ պատերազմի։
Իրանի թշնամիները փորձում են ոչ միայն հարվածել կարևորագույն ռազմական, միջուկային ենթակառուցվածքներին, այլև նպատակ են դրել թուլացնել իրանական իշխանության դիրքերը և տապալել այն (այս մասին ուղիղ հայտարարում է Իսրայելի վարչապետը)։ Սա, բնականաբար, ոչ թե պարզապես իշխանափոխության սցենար է, այլ իրանական պետությունը կազմաքանդելու նպատակ է հետապնդում ու կարող է հանգեցնել Իրանի սիրիացման՝ աղետալի մասշտաբների փոփոխություններով։
Վերոնշյալ ուղղությամբ զարգացումներում հատկապես էական է լինելու տարիներով Իրանի տարածքում գործող պանթյուրքական խմբավորումների գործակալների դերը։ Վերջիններս, որոնց համակարգմամբ զբաղվում են Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները, պետք է փորձեն պետության դեմ հանել թյուրքախոսներին երկրի հյուսիսային, հյուսիս-արևմտյան հատվածներում։ Անջատողական այդ գործողությունները լիարժեք համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերին։
Իրանական պետության թուլացումը ցանկացած մասշտաբով ու ձևաչափով ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, ինչն էլ իր հերթին բերելու է մեզ վրա վերջիններիս ճնշման շեշտակի մեծացման՝ դարձյալ ամենավատ հետևանքներով։ Ցավոք, այս պահին զարգացումը դեպի այդ կողմ է ընթանում։
Եվ վերջում։
Հայաստանի սահմանների երկայնքով գլոբալ ծավալների պատերազմական գործողություններ են, որոնք ամեն վայրկյան կարող են տեղափոխվել Իրանի սահմաններից դուրս, իսկ անցնող 48 ժամվա ընթացքում Հայաստանում անվտանգության համար պատասխանատուները ոչ մի, կրկնում եմ ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել՝ բավարարվելով հերթապահ ու կարճլիկ մամուլի հաղորդագրություններով։
Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է։
Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ
Հ.Գ. Նկարում իսրայելական Թել-Ավիվ քաղաքի վրա իրանական հրթիռների հարձակումն է։